Մասնակիցների կանչ: «INK2IMPACT» միջազգային ծրագիր

«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հայտարարում է Erasmus+  «INK2IMPACT» միջազգային ծրագրի հայաստանյան մասնակիցների ընդունելություն։

Ծրագրի ամբողջական անվանումն է՝ «Inclusive Narratives for Kids 2 Inspiring Meaningful Participation through Authored Children’s Tales»։

Հայաստանից կընտրվի 4 մասնակից` 18+ տարիքի։

Ծրագիրը նախատեսված է երեխաների և երիտասարդների հետ աշխատող այն մարդկանց համար, որոնք ցանկանում են պատմությունների միջոցով անդրադառնալ սոցիալական խնդիրներին, խթանել ներառումն ու փոխըմբռնումը և իրենց գաղափարները վերածել մանկական գրքի։

Երեխաների կարդացած պատմությունները մեծապես ազդում են աշխարհի, սեփական անձի և մյուսների մասին նրանց պատկերացումների ձևավորման վրա։ Երբ երեխան պատմության հերոսի մեջ ճանաչում է իրեն, նա իրեն տեսանելի և ընդունված է զգում։ Իսկ այլ մարդկանց փորձառությունների մասին պատմություններն օգնում են հասկանալ և հարգել տարբերությունները։

Սակայն երեխաների տարբեր կենսափորձերը, ինքնություններն ու նրանց առնչվող սոցիալական խնդիրները դեռևս լիարժեք ներկայացված չեն մանկական գրականության մեջ։

«INK2IMPACT» ծրագիրը ստեղծվել է այս խնդրին արձագանքելու համար։ Այն երիտասարդական աշխատողներին, ուսուցիչներին և երիտասարդների հետ աշխատող այլ մասնագետների հնարավորություն կտա պատմությունների ստեղծումն օգտագործել որպես ոչ ֆորմալ կրթության, մասնակցության և սոցիալական փոփոխության գործիք։

Մասնակիցները կսովորեն երեխաների համար հասկանալի և զգայուն ձևով անդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝

  • ներառումն ու բազմազանությունը,
  • անհավասարությունն ու աղքատությունը,
  • ինքնությունն ու պատկանելիությունը,
  • միգրացիան և մշակութային տարբերությունները,
  • հաշմանդամությունն ու հասանելիությունը,
  • բուլինգն ու մեկուսացումը,
  • հոգեկան բարեկեցությունը,
  • բնապահպանական խնդիրները։

«INK2IMPACT»-ը մեկանգամյա դասընթաց չէ։ Այն շարունակական ուսումնական և ստեղծագործական գործընթաց է, որի ընթացքում մասնակիցները պատմության առաջին գաղափարից կհասնեն ավարտուն մանկական գրքի ստեղծմանը։

2026 թ․ նոյեմբերին ընտրված մասնակիցների համար կանցկացվի առցանց նախապատրաստական հանդիպում։ Յուրաքանչյուր մասնակցից կպահանջվի իր համայնքում երեխաներին առնչվող որևէ սոցիալական խնդիր ընտրել և դրա հիման վրա մշակել պատմության նախնական գաղափար։ Այս փուլում ավարտուն պատմություն ունենալը պարտադիր չէ։

🇱🇹 Առաջին միջազգային փուլը՝ «Պատմություններ՝ հանուն սոցիալական փոփոխության», կանցկացվի Ուկմերգեում, Լիտվա, 2027 թ․ հունվարի 3–10-ը։

Առաջին փուլի ընթացքում մասնակիցները կաշխատեն հետևյալ թեմաների շուրջ՝

  • պատմությունը՝ որպես մասնակցության և սեփական ձայնը լսելի դարձնելու միջոց,
  • տեղական և եվրոպական սոցիալական խնդիրների ուսումնասիրություն,
  • երեխաների տեսակետն ու տարիքային առանձնահատկությունները,
  • պատմության կառուցվածքն ու սյուժեն,
  • կերպարների ստեղծումը,
  • ներառական և բազմազան ներկայացվածությունը,
  • կարծրատիպերից խուսափելու մոտեցումները,
  • ստեղծագործ գրելու և պատմությունը կատարելագործելու մեթոդները։

Առաջին փուլի ավարտին մասնակիցները կունենան մանկական պատմությունների նախնական տարբերակներ։

2027 թ․ հունվարից մարտ Հայաստանի թիմը շարունակելու է համատեղ աշխատանքը։ Թիմը պետք է՝

  • ընտրի առաջին փուլում ստեղծված պատմություններից մեկը,
  • հստակեցնի պատմության թիրախային տարիքային խումբը,
  • ձևակերպի հիմնական սոցիալական ուղերձը,
  • զարգացնի կերպարներն ու սյուժեն,
  • խմբագրի և կատարելագործի տեքստը,
  • մշակի գրքի նկարազարդման և ձևավորման նախնական գաղափարները,
  • թիմի անդամների միջև բաշխի հիմնական հեղինակի, խմբագրի և պատկերային աշխատանքների համակարգողի դերերը։

Այս ընթացքում նախատեսված են նաև առցանց հանդիպումներ և խորհրդատվություններ։

🇨🇾 Երկրորդ միջազգային փուլը՝ «Պատմությունից դեպի գիրք», կանցկացվի Պիսսուրիում, Կիպրոս, 2027 թ․ ապրիլի 24–մայիսի 1-ը։

Երկրորդ փուլում մասնակիցներն արդեն մշակված պատմությունը կվերածեն մանկական գրքի։ Ծրագիրը կներառի՝

  • մանկական պատմությունների խմբագրում,
  • նկարազարդման տարբեր մոտեցումներ,
  • պատկերային պատմության ստեղծում,
  • տեքստի և պատկերի համադրում,
  • էջադրում և գրքի ձևավորում,
  • հասանելիության և ներառականության ստուգում,
  • թվային հրատարակման հիմնական քայլեր,
  • գրքի ներկայացում և տարածում։

Երկրորդ փուլի ավարտին յուրաքանչյուր ազգային թիմ իր պատմությունը կհասցնի հրատարակման պատրաստ տարբերակի։

Միջազգային փուլերի ավարտից հետո մասնակիցները ներգրավվելու են գրքի վերջնական մշակման, հրապարակման և ծրագրի արդյունքների տարածման աշխատանքներում։ Նախատեսվում են նաև տեղական հանդիպումներ, շնորհանդեսներ և գրքին նվիրված այլ միջոցառումներ։

❗ Ծրագրի կարևորագույն պայմանն այն է, որ երկու միջազգային փուլերին մասնակցեն նույն մարդիկ։

Առաջին փուլում ստեղծված պատմությունները զարգացվելու և գրքի են վերածվելու երկրորդ փուլում։ Այդ պատճառով դիմել կարող են միայն այն թեկնածուները, որոնք կարող են մասնակցել՝

  • 🇱🇹 2026 թ․ դեկտեմբերի 6–13-ը Լիտվայում անցկացվող առաջին փուլին,
  • 🇨🇾 2027 թ․ ապրիլի 4–11-ը Կիպրոսում անցկացվող երկրորդ փուլին,
  • նախապատրաստական առցանց հանդիպումներին,
  • երկու փուլերի միջև իրականացվող թիմային աշխատանքներին,
  • պատմության և գրքի մշակման աշխատանքներին,
  • ծրագրի արդյունքների տարածման ու հետագա միջոցառումներին։

Միայն Լիտվայի կամ միայն Կիպրոսի փուլին մասնակցելու հնարավորություն չկա։

Հայտադիմումը ներկայացնելով՝ դիմորդը հաստատում է, որ ծանոթ է այս պայմանին և պատրաստ է ներգրավվել ծրագրի ամբողջ ընթացքում։

Ծրագրին կարող են դիմել Հայաստանում բնակվող՝

  • երիտասարդական աշխատողները,
  • ուսուցիչներն ու կրթության ոլորտի մասնագետները,
  • դասընթացավարներն ու ֆասիլիտատորները,
  • ՀԿ աշխատակիցներն ու անդամները,
  • ակտիվ կամավորները,
  • երեխաների կամ երիտասարդների հետ աշխատող այլ անձինք։

Դիմորդը պետք է՝

  • հետաքրքրված լինի պատմությունների ստեղծմամբ, մանկական գրականությամբ, ներառմամբ կամ երիտասարդների մասնակցությամբ,
  • կարողանա հաղորդակցվել և աշխատել անգլերենով,
  • պատրաստ լինի համագործակցել միջազգային և ազգային թիմերի հետ,
  • կարողանա մասնակցել ծրագրի բոլոր պարտադիր փուլերին,
  • պատրաստ լինի ձեռք բերած գիտելիքներն օգտագործել իր հետագա աշխատանքում,
  • ներգրավվի ծրագրի արդյունքների տարածման աշխատանքներում։

Ծրագրի շնորհիվ մասնակիցները կկարողանան՝

  • պատմությունների ստեղծումն օգտագործել երիտասարդական և կրթական աշխատանքում,
  • բարդ սոցիալական խնդիրները ներկայացնել երեխաների համար հասկանալի ձևով,
  • ստեղծել բնական և բազմազան կերպարներ՝ խուսափելով կարծրատիպերից,
  • զարգացնել գրելու, խմբագրելու և պատկերային պատմություն ստեղծելու հմտությունները,
  • ծանոթանալ գրքի ձևավորման և թվային հրատարակման հիմնական քայլերին,
  • աշխատել յոթ երկրների գործընկերների հետ,
  • մասնակցել իրական մանկական գրքի ստեղծմանը։

Մասնակցությունն անվճար է։ Ծրագիրը հոգում է կեցության, սննդի, դասընթացների և ծրագրով նախատեսված տեղական տեղափոխությունների ծախսերը։

Միջազգային ճանապարհածախսը փոխհատուցվելու է Erasmus+ ծրագրի կանոններով սահմանված առավելագույն չափի շրջանակում՝ ծրագրային պարտավորությունները կատարելուց և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

Ֆինանսական և կազմակերպչական մանրամասն պայմանները կներկայացվեն ընտրված մասնակիցներին ուղարկվող տեղեկատվական փաթեթում և մասնակցության համաձայնագրում։

Ծրագիրը միավորում է 🇱🇹 Լիտվայի, 🇨🇾 Կիպրոսի, 🇺🇦 Ուկրաինայի, 🇲🇰 Հյուսիսային Մակեդոնիայի, 🇦🇲 Հայաստանի, 🇬🇪 Վրաստանի և 🇷🇴 Ռումինիայի կազմակերպություններին։

Ծրագիրը համակարգում է Լիտվայի Jaunimo laisvalaikio centras կազմակերպությունը 🇱🇹, իսկ «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն ծրագրի հայաստանյան գործընկերն է 🇦🇲։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 05.09.2026-ը լրացնել առցանց հայտադիմումը։

🔗 Հայտադիմում՝
https://forms.cloud.microsoft/e/yVGXztDZiZ

Հայաստանից կընտրվի 4 մասնակից։

Հայտերի գնահատման ժամանակ հաշվի են առնվելու դիմորդի մոտիվացիան, երեխաների կամ երիտասարդների հետ աշխատանքի փորձը, ծրագրի թեմաների նկատմամբ հետաքրքրվածությունը, թիմային աշխատանքի պատրաստակամությունը և ծրագրի բոլոր փուլերին մասնակցելու հնարավորությունը։

📩 Հարցերի դեպքում՝ info@ubngo.am

Հայտերի արդյունքները կամփոփվեն մինչև 2026 թ․ հոկտեմբերի 1-ը։ Հետադարձ կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։

Ծրագրեր

Հրապարակումներ